Posted in Պատմություն

Գոշ գյուղ, Գոշավանք

Գոշը հիմնվել է 1840-1845 թթ.-ին։ Առաջին բնակիչներն եղել են նախկին Նոյեմբերյանի շրջանի Դոստլու և Կոթի գյուղերից վերաբնակեցվածները։

Որպես հին բնակատեղի հիշվում է դեռևս 10-11 դարերից։ 1178 թ.-ին կառուցվել է Գոշավանքի վանական համալիրը։ Այն կառուցվել է Մխիթար Գոշի կողմից՝ Իվանե Զաքարյան իշխանի աջակցությամբ։ Գոշավանքը եղել է Միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային խոշոր կենտրոններից մեկը, որտեղ ստեղծվել և պահպանվել են բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր։

Այստեղ են ուսում առել և գործել Վանական վարդապետը և Կիրակոս Գանձակեցին։ Գոշավանքը եղել և մնում է որպես համաշխարհային պատմամշակութային գլուխգործոցներից մեկը։ Պատահական չէ, որ տարիներ առաջ այստեղ անցկացված միջազգային սիմպոզիումին ներկա են գտնվել աշխարհի բազմաթիվ երկրներից ժամանած 250 գիտնականներ և ճարտարապետներ։

Գոշավանք

Ըստ 13-րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցու՝ վանքի առաջին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ «հրաշագեղ» փայտակերտ եկեղեցու օծմանը Հաղարծինի վանահայր Խաչատուր Տարոնացին Գոշավանքին նվիրել է երկու գյուղ և այգի։

1237–1241 թվականներին, գավթի հարավային պատին գրեթե կից, ամիրսպասալար Ավագ Զաքարյանի կառավարիչ Գրիգոր Տղա իշխանը կառուցել է Ս. Գրիգոր Լուսավորիչ միանավ թաղածածկ եկեղեցին, որին իր հարդարանքի արտակարգ ճոխության և նրբագեղության համար Կիրակոս Գանձակեցին անվանել է «զարմանակերտ»։ Եկեղեցին, թեև փոքրաչափ, առանձնանում է Գոշավանքի ողջ համալիրում, և նրա հարդարանքը հայկական միջնադարյան դեկորատիվ արվեստի ամենատպավորիչ ստեղծագործություններից է։ Վանահայր Մարտիրոսի օրոք գավթից հյուսիս, նրան կամարակապ միջանցքով հաղորդակից, կոպտատաշ խոշոր քարերով կառուցվել են վանքի փայտածածկ գրատունը և նրան արևմուտքից կից ժամատունը։ 1254 թվականին, Մխիթար Գոշի դամբարանի մոտ, Խաչատուր վարդապետը և Բարսեղը կառուցել են խորանարդաձև ծավալով, գմբեթավոր Ս. Գևորգ եկեղեցին։

Գոշավանքը 13-րդ դարում եղել է Հայաստանի կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոն։ Այդտեղ գործել է բարձրակարգ ուսումնական հաստատություն, որը պատմական աղբյուրներում անվանվել է վարժապետարան, համալսարան, ճեմարան։ Գոշավանքի վարդապետարանում դասավանդել են հայոց և օտար լեզուներ հունարեն, լատիներեն, քերականություն, փիլիսոփայություն, ճարտասանություն, երաժշտություն, գրչության արվեստ, նկարչություն։ Այստեղ կրթվել և գործել են Կիրակոս Գանձակեցին և Վանական Վարդապետը, որոնք հետագայում իրենց հիմնած դպրոցներում շարունակել են Գոշավանքի վարժապետարանի ավանդները։ Գոշավանքում ընդօրինակվել և ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք պահվել են վանքի գրատանը։

տեղեկության աղբյուր1 աղբյուր2

Թողնել մեկնաբանություն